Հայաստանի ալկոհոլի շուկայում կան ոչ բարեխիղճ մրցակիցներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։ Նրա խոսքով, դա առաջին հերթին վնասում է հայկական կոնյակի վարկանիշին։ Կոնյակի գործարանի ղեկավարությունն ունի անբարեխիղճ մրցակիցների ցանկը, սակայն չի պատրաստվում որեւէ մեկին նկատմամբ մեղադրանք առաջադրել։
Գրիգորյանի համոզմամբ, այն, որ խաղողագործները հերթ են կանգնում իրենց արտադրանքը վաճառելու հույսով, արդեն խոսում է այն մասին, որ այս շուկայում ամեն ինչ կարգին չէ։ « Ես հարմար չեմ համարում նշել այն կազակերպությունների անունները, որոնք իրականացնում են ոչ բարեխիղճ մրցակցություն։ Մրցակիցների մասին պետք է խոսել կամ լավը, կամ՝ ոչինչ։ Մենք նախընտրում ենք չխոսել այդ մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ Երեւանի կոնյակի գործարանը արտաքին շուկայում շարունակում է առաջնային տեղը զբաղեցնել։ Գործադիր տնօրենը նաեւ նշեց թվեր, որոնք ապացուցում են, որ Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի թվի կրճատումը շատ ավելի քիչ է եղել, քան մնացածներինը՝ 30%-ը 60%- ի հարաբերակցությամբ։




























