18 տարեկան երիտասարդների կողմից երկու երեխայի որդեգրումն, ամենայն հավանականությամբ, միտված կարող է լինել հենց ֆորմալ տարկետման հիմքեր ստեղծելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն դրույթին, թե տարկետում կարող է տրվել, եթե անձն ունի 2 եւ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխայի:

«Մենք խոսում ենք 18 տարեկան երիտասարդների մասին հիմնականում եւ նրանց կողմից երկու երեխայի որդեգրելն առավել հավանական է, որ միտված լինի հենց ֆորմալ տարկետման հիմքեր ստեղծելու համար: Ոչ մի բան չի խանգարում, որ ծառայությունից հետո նա կարող է որդեգրել երեխայի: Կան դեպքեր, երբ արհեստական որդեգրումներ են լինում տարկետում ստանալու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի դիտարկմանը, թե իրավական դաշտում որդեգրված երեխաներն ու ծնողները հավասարեցվում են կենսաբանական ծնողներին եւ երեխաներին: