Չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունից ազատվել եւ համարել, որ ամեն ինչ նորմալ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ արդյոք օրենքը կարո՞ղ է ազդել այն անձանց վրա, որոնց նկատմամբ 27 տարեկանը լրանալուց հետո որոշակի չափով գումար վճարելուց հետո դադարեցվել է հետախուզումը:
«Ես համարում եմ, որ չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունից ազատվել եւ համարել, որ ամեն ինչ նորմալ է: Այսինքն՝ ինչ-որ մեկը փող ունի, վճարում է, չի ծառայումը, իսկ մյուսը չունի՝ ծառայում է: Ես որպես նախարար դեմ եմ դրան»:
Նա նաեւ նշեց, որ օրենքի խախտմամբ զինվորական ծառայություն չանցածները, եթե անգամ դրա համար վճարել են, բայց օրենքը խախտել են, չեն կարող ընդունվել հանրային ծառայության:




























