Տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ ներկայացվող օրինագիծը հավատ չի ներշնչում, քանի որ ներկայացվում է մի իշխանության կողմից, որը մշտապես խրախուսել է բանակում չծառայելը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Երկար տարիներ պաշտպանության նախարարությունները շքանշաններով է պարգեւատրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք բանակում չեն ծառայել, բայց մեդալներ են ստանում բանակի տարբեր տոների ժամանակ: Այսինքն, իշխանությունները խրախուսել է բանակում չծառայելը, իսկ հիմա ասում է՝ տարկետումը վերացնում ենք, բոլորը պետք է ծառայության մեկնեն»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ մարդիկ, որոնք մշտապես տարբեր ճանապարհներով ծառայության չեն մեկնել, այդպես էլ շարունակելու են: Պատգամավորը համակարծիք չէ նաեւ այն տեսակետի հետ, թե սրանով հավասարություն է մտցվում:

«Սա հավասարություն է աղքատների համար, սա հավասարություն է նրանց համար, որոնք խոցելի են»,- նշեց նա: