Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ ռիսկեր կան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի իրականացման ճանապարհին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Եթե տարկետման իրավունքի բացասական ազդեցությունն այնքան մեծ է, որ մենք արմատական ուզում ենք վիրահատական միջամտություն անենք, առաջինը պետք է դրա ազդեցության բացասական գնահատականն անպայման տանք: Այսինքն՝ ինչ վնասներ է տվել տարկետման իրավունքի չլինելը: Կոնկրետ սխեմայով պետք է քայլել, քաղաքական պատասխանատվություն պետք է լինի: Ոչ թե անընդհատ խոսել եւ այդպես էլ իրականություն չդարձնել: Շատ նվիրյալներ կան, որոնք պետք է գիտությամբ զբաղվեն եւ այդ երկուսը չպետք է հակադրվեն իրար, պետք է լրացնեն իրար, բանալին գտնենք եւ շարժվենք առաջ»,-ասաց նա:

Նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքը իր նախընտրական ծրագրում ասել էր, որ պետք  այնպես անել, որ առաջնագծում միայն պայմանագրայինները ծառայեն. «Մենք ասել ենք, որ պետք է այնպես անել, որ առաջնագծում միայն պայմանագրայինները ծառայեն, ինձ հստակ ժամանակացույց է պետք, երբ ենք հասնելու դրան»: