Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) առաքելությանը:
Կառավարության մամուլի ծառայությոնւից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր եւ արդյունավետ է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ծավալված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել իրականացված ծրագրերի համար: Նա գոհունակություն է հայտնել JICA-ի մասնակցությամբ Հայաստանի էներգետիկայի ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների, մասնավորապես, Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ:
Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները եւ անդրադարձել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, նա կարեւորել է հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցումը գործարար միջավայրի բարելավման առումով, ինչպես նաեւ ընդգծել կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճգնաժամից հետո Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:




























