ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը վարկերի բազային դրույթը թողել է զրոյական նիշի վրա: Ընդ որում, Բեն Բեռնանկեի գերատեսչությունը հայտարարել է, թե տնտեսության վերականգնումը շատ դանդաղ է ընթանում: Աճը խթանելու եւ գրեթե 10-տոկոսանոց գործազրկությունը հաղթահարելու համար ԴՊՀ-ն մտադիր է հետ գնել 600 մլրդ դոլարի պետական պարտատոմսեր:

Միաժամանակ նույն նպատակներով ԱՄՆ նախագահի վարչակազմը պայմանավորվել է հանրապետականների հետ` հարկային եւ սոցիալական արտոնությունները երկարացնելու ուղղությամբ:

Բայց այս մեդալը նաեւ հակառակ կողմ ունի, բյուջեի դեֆիցիտն ու Ամերիկայի պարտքերն աճում են սնկի պես: Այս տարի պետական պարտքը կարող է կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 93 տոկոսը: Իսկ պարտքային ճգնաժամն ԱՄՆ-ում  կարող է ավելի կործանարար լինել համաշխարհային ֆինանսական համակարգի վրա, քան եվրոպականը:

Վերլուծաբանները նշում են, որ պահուստային համակարգի որոշման վրա ազդել է թարմ վիճակագրությունը, որ նոյեմբերին մանրածախ առեւտրի ծավալներն աճել են ավելի, քան ակնկալվում էր: Ներքին սպառումն ապահովում է աշխարհի թիվ մեկ տնտեսության երկու երրորդը: