Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դարձել է իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտ-2009» մրցման միանձնյա առաջատարը: Մեկնարկած երկրորդ փուլի (4-րդ տուրի) շրջանակներում Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, որին զիջել էր մրցման առաջին տուրում: Նշված տուրին երկու շախմատիստն էլ հասել էին առաջատարի դիրքով՝ իրենց ակտիվում ունենալով 6-ական միավոր, սակայն հաղթանակի շնորհիվ Արոնյանին հաջողվեց առաջ անցնել Գրիշչուկից: Արոնյանը, այսպիսով, տանում է 3-րդ հաղթանակն անընդմեջ:
Խաղային այդ օրվա մյուս հանդիպմանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը ոչ-ոքի են խաղացել: Չորս տուրերի արդյունքում Արոնյանը հավաքել է 9 միավոր, 2-րդ տեղում ընթացող Գրիշչուկն ունի 6 միավոր, Կարյակինը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 5 միավորով, իսկ աղյուսակը եզրափակող Շիրովը հավաքել է 2 միավոր: Այսօր Արոնյանը սպիտակներով խաղալու է Շիրովի, Գրիշչուկը՝ Կարյակինի հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր:




























