Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Երեւանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության միջեւ:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի համաձայն` կողմերը պարտավորվում են համատեղ ուսումնասիրություններ ծավալել Հայաստանի տարածքում գտնվող թունաքիմիկատների վնասազերծման, ինչպես նաեւ` նոր գերեզմանոցների բացահայտման ուղղությամբ:
Առաջնահերթություն կհամարվեն Կոտայքի մարզի Ողջաբերդ բնակավայրի հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հարեւանությամբ գտնվող արսենի միացությունների գերեզմանոցները, քանի որ սրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի եւ շրջակա միջավայրի համար:
Լեհական «Էկոտեխ» ընկերությունը, որը խոշորագույնն է Եւրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում, կիրականացնի ուսումնասիրություններ թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման եւ դրանում վտանգավոր նյութերի պարունակության որոշման նպատակով, կմշակի թունաքիմիկատների վնասազերծման, վտանգավոր նյութերի վերամշակման եւ չեզոքացման մեթոդներն ու ձեւերը եւ կիրականացնի վերամշակման եւ ոչնչացման աշխատանքները: Կմշակվեն նաեւ թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի վերականգմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ եւ միջոցառումներ:
Նշենք, որ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ԱԱԽ-ի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել: Ի կատարումն այդ համաձայնագրի դրույթների Հայաստան է այցելել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը, որի ընթացքում էլ հենց այսօր ստորագրվել է հիշյալ հուշագիրը:




























