Դաշնակցությունը խնդիր չունի այս կամ այն պաշտոնյայի մասին վերջինիս ներկայությամբ կարծիք հայտնելու՝ թեկուզ դա լինի երկրի նախագահը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Դաշնակցության 120-ամյակի հոբելյանական երեկոյին նախագահի ներկայությամբ արված քննադատական խոսքերը:
«Կուսակցությունը գործում է շիտակ՝ համաձայն խոսքի ազատության սկզբունքների, իսկ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Տարօրինակն այն է, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց զերծ են պահում տարբեր երեւույթների կամ անձանց մասին իրենց կարծիքն արտահայտելուց: Կամ էլ, ընհակառակը, քննադատություններ են հնչեցնում՝ առանց հասցեատերերի ներկայության: Մենք ամեն ինչ նրանց իսկ ներկայությամբ ենք ասում»,- հայտարարեց նա:
Նշենք, որ ՀՅԴ 120-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց ներկայիս իշխանությանը՝ նշելով, որ երկրում տիրում է կոռուպցիան, իսկ սոցիալական իրավիճակը շատ ծանր է: Համեմատելով Հայաստանի 3 նախագահներին՝ Ռուստամյանն ընդգծել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք երկրում առաջընթաց չարձանագրվեց եւ ոչ մի ոլորտում: «Քոչարյանի օրոք երկրում առաջընթաց նշմարվեց, սակայն՝ ոչ բավարար չափով»,-նշեց նա: Ներկայիս նախագահի մասին խոսելիս, Ռուստամյանը, մասնավորպես, ասել էր, որ Սարգսյանի վարած քաղաքականությունը դանդաղեցրեց դեպի առաջընթաց ուղղված Հայաստանի քայլերը:





























