2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առեւտրական բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջով հարուցվել է 15,5 հազար կատարողական վարույթ:
ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմել է 9,5 միլիարդ դրամ: Այդ թվում բանկերի պահանջով հարուցվել է 13,3 հազար վարույթ 8,8 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Փաստացի բռնագանձվել է եւ բանկերին ուղիղ մարումով փախանցվել է 4 միլիարդ 376 միլիոն դրամ: Գույքի կամ պարտապանի բացակայության, ինչպես նաեւ գույքի անբավարար լինելու պատճառով ավարտվել է 2206 վարույթ 1,5 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Ընդ որում, 587 ավարտված վարույթ վերաբերվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության օգտին բռնագանձման պահանջին, իսկ 574-ը` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի օգտին:
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության օգտին հարուցվել է ընդանուր «բանկային» վարույթների կեսից ավելին` 6 900 գործ 1,514 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի օգտին` 1458 կատարողական վարույթ 419 միլիոն դրամի պահանջով, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ` 1250 վարույթ 1,5 միլիարդ դրամի պահանջով, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ` 828 վարույթ 1,68 միլիարդ դրամի պահանջով: Աշխարհագրական առումով բանկերի պահանջները շատ են Երեւանում` 4632 վարույթ 4,6 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Մարզերից առաջատարը Լոռին է` 1965 վարույթ 476 միլիոն դրամի պահանջով:
Ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին բռնագնձման պահանջով հարուցվել է 2168 վարույթ, որոնցից 915-ը «Արեգակ» ՈՒՎԿ-ն օգտին, 694-ը` «Ֆինքա» ՈՒՎԿ-ն եւ 287-ը` «Նորվիկի»: Աշխարհագրական առուոմով ՈՒՎԿ-երի պահանջները շատ են Երեւանում` 558 վարույէ 302 միլիոն դրամի բռնագանձման պահանջով: Մարզերից առաջատարը Տավուշն է` 324 վարույթ 44,5 միլիոն դրամի:
Ս/թ նոյեմբերի 30-ի դրությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (ajurd.am) առկա էր 2,4 միլիարդ դրամի գույք, որից 1,95 միլիարդը` անշարժ գույք:





























