Հայաստանի եւ Եվրամիության կողմից ստորագրված նոր համաձայնագիրը գլոբալ քաղաքական եւ տնտեսական շահերի տեսանկյունից, որոնք մենք կիսում ենք, մեր հարաբերությունների շրջանակը կընդլայնի, եւ այն խնդիրների, որոնց հետ մենք բախվում ենք: Այս մասին Հայաստանի հետ համաձայնագիր կնքելուց հետո հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը կոնկրետ օգուտներ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի բնակիչներին եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը կխորացնի, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կհանգեցնի շարժունակության բարձրացման:
Նա նշել է, որ համաձայնագիրը կօգնի բարելավել գործարար միջավայրը եւ ներդրումների հնարավորությունները: Համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայությանը մեր հավատարմության վրա: «Այս իմաստով համաձայնագիրն իր տեսակով առաջինն է, որ կնքվում է նաեւ Եվրասիական միության անդամ երկրի հետ», - ասել է նա՝ հավելելով, որ կարեւոր է այն ամբողջությամբ իրականացնել:
Կողմերը միասին կաշխատեն համաձայնագրի իրականացման եւ իրականացման մոնիթորինգի ուղղությամբ:
«Համաձայնագիրը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն համոզված է, որ հակամարտությունը արագ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի համաձայն եւ շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին եւ այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկներին», - ասել է Մոգերինին:



























