Մինսկում շարունակվում են ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները բողոքի գործողությունների ցրումից հետո: Տարբեր տվյալներով, իրավապահ մարմինների իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է մոտ 500 մարդ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ձերբակալվել են նախագահի 5 թեկնածուներ` Գրիգորի Կաստուսեւը, Վիտալի Ռիմաշեւսկին, Անդրեյ Սաննիկովը, Նիկոլայ Ստատկեւիչը: Հինգերորդ թեկնածուն` Վլադիմիր Նեկլյաեւը ծեծի էր ենթարկվել դեռ ընդդիմության ակցիայից առաջ, երբ իր կողմնակիցների հետ շարժվում էր Հոկտեմբերյան հրապարակի ուղղությամբ:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը վրդովված է Բելառուսի նախագահի թեկնածուին ծեծի ենթարկելու փաստով: «Այդ վախկոտ հարձակումը նախագահի անպաշտպան թեկնածուի վրա վրդովեցուցիչ եւ ամոթալի է»,- ասել է նա եւ հավելել, որ «ապշած է այդ փաստից»:
«Նման վարքը անթույլատրելի է միջազգային հանրության համար: Ես պահանջում եմ նախագահ Լուկաշենկոյից, որ նա անհապաղ դադարեցնի այդ բռնությունն ու պատժի նրանց, ովքեր մեղսակից են դրան»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը:
Ըստ Բուզեկի, Բելառուսի քաղաքացիներն արժանի են ապրելու ժողովրդավարական երկրում:




























