Նոյեմբերի կեսերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման նկատելի անկումը, վերջին երկու շաբաթների ընթացքում կրկին իր տեղը զիջել է հակառակորդի կողմից ձեռնարկվող ակտիվ գործողություններին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակտիվ գործողությունները հատկապես դրսեւորվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, որի ընթացքում օգտագործվել են նաեւ ձեռքի նռնականետեր:
Միայն դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «АК», «СВД», «РПК», «ПК», «ДШК», «Սեւ նետ», «УТЁС», «РПГ-7» փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակամարտ զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 80 անգամ` ղարաբաղյան դիրքերի վրա արձակելով շուրջ 450 կրակոց:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:





























