ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է նշանակվել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին եւ նախանշելու զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը:

Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ծանրակշիռ ավանդը կունենա հայ-բրազիլական կապերի սերտացման ու փոխգործակցության զարգացման գործում եւ կարեւորել արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-բրազիլական կապերի ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը դեռեւս լիարժեք չի օգտագործվում, եւ այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու:

Հանրապետության նախագահը կարեւորել է Բրազիլիայի հայ համայնքի դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բնական կամուրջ:

Դեսպան Սանկտոսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ բարեկամական կապերի խորացմանը՝ նշելով, որ Բրազիլիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում այցելելով Հայաստան, արդեն հասցրել է պատկերացում կազմել փոխգործակցության առաջիկա կարեւորագույն ուղղությունների մասին: Իրականացվելիք աշխատանքների թվում դեսպանը կարեւորել է նաեւ Հայաստանը Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու եւ ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը:

Հանրապետության Նախագահը եւ Բրազիլիայի դեսպանը երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումը եւ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի գործունեությունը: