Նոյեմբերի 30-ին Երեւանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հիմնադրման 46-ամյակն են նշել:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների հավատարմագրված ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները եւ այլ հյուրեր:
Իր ողջույնի խոսքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ Կասիմին նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ անցյալ տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի առաջիկա այցը Հայաստան, ինչպես նաեւ այս տարվա հուլիսին ԱՄԷ արտգործնախարարի Երեւան այցը վկայում են այն մասին, որ կողմերը նոր մակարդակի հարաբերություններ են հաստատում:
Դեսպանը շեշտել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը այս տարվա 9 ամիսների ընթացքում հասել է 140 մլն դոլարի՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71 մլն դոլարի ցուցանիշի, իսկ Հայաստանից ԱՄԷ թռիչքների քանակը շաբաթական մինչեւ 18-ի է հասել:
«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄԷ-ի ներդրումների աճը վկայում են Հայաստանի տնտեսության մեջ գործարար վստահության մասին, ինչին նպաստել են նաեւ հայ գործարարների ջանքերը», - ասել է դեսպանը:










































