ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենայկից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարեւոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաեւ նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ եւ անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ եւս աշխատանքը կընթանա նույն ոգով:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Նշելով, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն եւ Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը եւս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: