Գերմանիան սատարում է ԱՄՆ պահանջը Փհենյանի վրա ճնշում գործադրելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռայներ Բրոյլը՝ ավելացնելով, որ Հյուսիսային Կորեան պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։
«Ամերիկացիները պահանջում են մեծացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի վերջինս վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Գերմանիան սատարում է այդ պահանջը», - ասել է Բրոյլը` հավելելով, որ Բեռլինում նրանք մտադիր են համաձայնեցնել իրենց գործողությունները եվրոպական գործընկերների հետ եւ «կարեւոր է, որ եվրոպացիները այս հարցում միեւնույն կողմում գտնվեն»:
Նա հերքել է այն տեղեկությունը, թե Վաշինգթոնը Բեռլինից պահանջել է հետ կանչել Փհենյանում իր դեսպանին։
Ավելի վաղ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Գերմանիան կրճատում է դիվանագիտական կոնտակտները Հյուսիսային Կորեայի հետ, իսկ Փհենյանից հետ կկանչվի դիվանագետ, բայց նա դիվանագիտական առաքելության ղեկավարը չէ։ Բեռլինում Հյուսիսային Կորեայի դեսպանատնից եւս դիվանագետ հետ կկանչվի։




























