Մինչ կոնգրեսական Ադամ Շիֆն իր գործընկերների եւ Կոնգրեսի առաջնորդների հետ շարունակում է աշխատել Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը քվեարկության դնելու ուղղությամբ, թուրքական խմբի համանախագահները Կոնգրեսի հեռացող անդամ Վիլիամ Դելահանթի հետ միասին նամակ են տարածել այս երկկուսակցական բանաձեւի դեմ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
«Հարգելի գործընկեր» անվանումը կրող նամակը թվարկում է մի շարք անիմաստ պատճառներ բանաձեւի դեմ ` ներառյալ «մեր ազգային անվտանգությունը Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում վտանգելու պոտենցյալ», ինչպես նաեւ այն, որ հնարավոր է վնասվի «Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վերականգման ուղղությամբ տարվող բանակցությունների ընթացքը»:
Նամակը նաեւ նշում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կփրկի Միացյալ Նահանգների տնտեսությունն «անկումից»:
Այս նամակի առնչությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է. «Այս նամակը անտեսում է իրական իմաստը: Բանաձեւը ոչ Թուրքիայի մասին է, ոչ Աֆղանստանում դպրոցներ կառուցելու, ոչ էլ վերաբերում է Բալկաններին, Կովկասին, Միջին Արեւելքին, Կենտրոնական Ասիային եւ Միացյալ Նահանգների տնտեսությանը: Այս բանաձեւը, որի կողմնակիցներն են եղել սենատորներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը եւ Հիլարի Քլինթոնը, վերաբերում է ամերիկյան արժեքներին»:




























