Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահանձնման հնարավորությունը Ուկրաինայի հետ քաղաքական մակարդակով չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է «Sputnik Գրուզիա»–ն։

«Ես այս հարցի շուրջ լսել եմ տարբեր շահարկումներ եւ դավադրության տեսություններ: Հավատացեք՝ մենք գործընկեր եւ բարեկամ Ուկրաինայի հետ շատ հարցեր պետք է քննարկենք գործնականում, սակայն այդ հարցերը քաղաքական մակարդակով չեն քննարկվում»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ այս հարցը Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների հարաբերությունների շրջանակից դուրս չի եկել:

Սահակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր  2013 թ. նոյեմբերին, հայրենիքում հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սաակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայում  զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը  քրեական գործ է հարուցել: