Մերձդնեստրում Մոլդովայի օգտին լրտեսության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շաղոյանը օգնության խնդրանքով դիմել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորմամբ զբաղվող 5+2 ձեւաչափի երկրների ղեկավարներին:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նաեւ Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարա Ֆիլիպ Ռեմլերին հղած նամակում Թամար Շաղոյանը նշում է, որ ութ ամսվա մղձավանջին հաջորդել է ահավոր աբսուրդային ու ցնորային որոշում` 15 տարվա ազատազրկում` Մոլդովայի օգտին արած լրտեսության համար: Հայ լրագրողի մայրը նշված երկրների ղեկավարների, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին խնդրել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Վարդանյանին ազատելու համար: