Դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում գտնվող Sasa Musa շաքարի մասնավոր գործարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Hindustan Times թերթը:

Պարբերականը հայտնում է, որ վթարի պատճառ է դարձել կաթսաներից մեկի գերտակացումը: Միջադեպի հետեւանքով հինգ աշխատող է մահացել, առնվազն 10-ը ծանր վնասվածքներ են ստացել: Միջադեպից հետո փրկարարներ եւ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր:

Տուժածները ուղղաթիռներով տարհանվել են եւ տեղափոխվել մոտակա բժշկական հաստատություններ: Իրավապահների տեղեկությամբ՝ միջադեպի պահին գործարանում առնվազն 100 մարդ կար:

Վթարից հետո տեղական ոստիկանությունը բերման է ենթարկվել գործարանի սեփականատեր Մահմուդ Ալիին եւ նրա երկու որդուն: Պարբերականի փոխանցմամբ՝ այս քայլը իրականացվել է անվտանգության նկատառումներով: Կաթսայի պայթյունի հետեւանքով միջադեպը ատելության ալիք է բարձրացրել աշխատողների շրջանում, ովքեր փորձել են հրդեհել Ալիի սեփական տունը, ինչպես նաեւ այրել են վերջինիս ավտոմեքենան:

Ըստ ականատեսների՝ նմանատիպ պայթյուն գործարանում տեղի էր ունեցել նաեւ մի քանի օր առաջ, սակայն, ինչպես նրանց թվում էր այդ ժամանակ, «խնդիրը վերացվել էր»: Զոհվածներիի եւ տուժածների ընտանիքները 400 հազար ռուպի (մոտ 6250 դոլար) փոխհատուցում կստանան իշխանություններից, գրում է Hindustan Times- ը: