2010-ը եզրափակում ենք դրական շերտադրումներով. արձանագրեցինք մի շարք ձեռքբերումներ ե՜ւ քաղաքական, ե՜ւ մշակութայնին կյանքում:

Այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Տարվա վերջին ակորդները լավատեսական էին. նախօրեին կոալիցիայի հետ հանդիպումը տեղի ունեցավ ջերմ ու հաճելի միջավայրում: Տարին եզրափակում ենք ձեռքբերումներով»,-նկատեց Կ. Աճեմյանը:

Նրա գնահատմամբ` տարին դժվարին էր ֆինանասատնտեսական առումով, սակայն դրա բացատրությունն էլ համընդհանուր ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Այդուհանդերձ, Հայաստանը արձանագրեց 2,6 տոկոսի տնտեսական աճ: Ըստ ՀՀԿ պատգամավորի`բավական մեծ աշխատանք է տարվել նաեւ մշակութային ասպարեզում: Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ օրինակ այսօր երեկոյան դիտելու է «Աիդա» օպերան: «Մենք մեր ասելիքը արտաքին աշխարհին կարող ենք նաեւ մշակույթի լեզվով ասել: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր դիտելու եմ մեր բեմադրած «Աիդա» օպերան»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ մշակութային ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայկական հուշարձանների` իր ֆոնդում ընդգրկելը, եվրատեսիլյան հաղթանակը: «Հատականշական կարելի է համարել նաեւ ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որոնք ընդգրկեցին բոլոր մարզերը եւ մեծ գոհունակությամբ ընդունվեցին քաղաքացիների կողմից»,-ընդգծեց նա:

Վերջինիս համոզմամբ` դրվատանքի է արժանի նաեւ այն փաստը, որ այսօր Հայաստանն ունի մարտունակ եւ հզոր բանակ: