Սարատովի շրջանի դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դատապարտել է 8 տարվա ազատազրկան հատուկ ռեժիմի գաղութում: ՀՀ քաղաքացին մեղավոր է ճանաչվել գրավատան վրա զինված հարձակման, ոսկյա զարդերի եւ 1,5 միլիոն ռուբլու հափշտակման համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն `վկայակոչելով մարզային դատախազությունը:

Ապրիլի 23-ին տղամարդը օդաճնշական ատրճանակով հարձակում է կատարել Էնգելսում գտնվող գրավատան վրա՝ գանձապահարանից հափշտակելով ոսկյա զարդեր եւ մոտ 1,5 միլիոն ռուբլի:

Իրավապահները  ձերբակալել են 31-ամյա կասկածյալին: Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը գողացված գումարն ու ոսկին թաղել էր Բալակովոյում գտնվող ամայի վայրերից մեկում:

Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել  բռնություն գործադրմամբ եւ որպես զենք օգտագործվող առարկայի սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի գողության համար: