Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը կոչ է արել բոլոր լրագրողներին միավորվել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու համար:

Նրա խոսքով, ապագայում Վաշինգտոնը բռնաճնշումներ է իրականացնելու այն լրատվամիջոցների դեմ, որոնք այսօր հանդես են գալիս Wikileaks-ի հետապնդումների դեմ:

«Մենք վերջին երկու շաբաթում տեսանք, որ աստիճանաբար «լուռ մեծամասնություն» է ձեւավորվում, որը պատրաստ է դիմակայել բռնատիրության նոր տարատեսակին, սեփականաշնորհված գրաքննությանն ու թվային «մակարտիզիմին», որ առաջ է մղում Վաշինգտոնը»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հատուկ խումբ է ստեղծել տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով: Խոսքն, անկասկած Wikileaks-ի մասին է: Ինչպես հաղորդում է FoxNews-ը, գերատեսչությունը զբաղվելու է Wikileaks-ի հրապարակումների հասցրած վնասի գնահատմամբ:

Լրատվամիջոցներն արդեն հատուկ անվանում են հորինել՝ Wikileaks Task Force («Wikileaks-ի աշխատանքային խումբ»), կրճատ՝ WTF: Հայալեզու ընթերցողի համար այս հապավումը ոչինչ չի ասում, սակայն անգլերենում WTF-ն ունի տարածված եւ անպարկեշտ նշանակություն (WTF- նշանակում է What The Fuck):