ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 15-ամյա բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI P9» մոդելի բջջային հեռախոսը եւ կանխիկ գումար:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, անչափահասը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել, իսկ վերջինիս հայրը՝ որդու օրինական ներկայացուցիչ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ եւ տուժողի հայտնած տվյալների հիման վրա կազմել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտավոր դիմանկարը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:




























