Ոստիկանությունը նախօրեին՝ դեկտեմբերի 20-ին, բռնել ու բաց է թողել գրպանահատին, իսկ հաջորդ օրը նորից բռնել է գրպանահատության նոր դեպքի համար:

Մասնավորապես, ոստիկանությունը նախօրեին հաղորդել էր, որ դեկտեմբերի  20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի 56/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար:

Գոռ Պ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 58 երթուղայինի սրահում անծանոթ կնոջից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1993 թ. ծնված Աննա Ա.-ն է:

Կատարվում է քննություն:

Իսկ արդեն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ոստիկանությունը նոր հաղորդագրություն են տարածել, որտեղ նշված է. «Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, ում խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտ:

Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1976 թ. ծնված Կարինե Է.-ին:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն»: