Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանի սպանության գործով վկա Արթուր Սրապիոնյանը նախաքննական մարմնին հայտնել է, թե անչափահասի սպանության մեջ մեղադրվող Ռոբերտ Սահակյանը իրեն ստիպել է ստել: Նա պտեմել է, որ Ռոբերտը 2016 թվականի մարտի վերջին, կոնկրետ օրը չի հիշում, զանգահարել է իրեն եւ ասել, որ ցանկանում է, որ ինքը հանդիպի Սահակին (սպանվածի եղբայրը), եւ նրան ասի, թե նրա կնոջ՝ Քրիստինեի հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Վկան բարկացել է, եւ նրան ճանաչելով՝ չի ցանկացել երկար խոսել նրա հետ, բացատրություններ տալ, որ նման բան չի եղել, կամ որ չի հանդիպի ոչ մեկի հետ եւ նրան ասել է, որ հարմար չի խոսելը, եւ անջատել է հեռախոսը: Դրանից հետո Ռոբերտն իրեն չի զանգահարել եւ իրենց միջեւ շփում չի եղել: Ռոբերտն ասել է, որ ցանկանում է Սահակի հետ կոնֆլիկտ ունենալ եւ ասել է. «Ուզում եմ բշտել Սահակին»: Դա իրեն դուր չի եկել, այդ պատճառով էլ չի ցանկացել այլեւս շարունակել խոսակցությունը եւ ասել է, որ հարմար չէ: Դեպքից հետո Հույսի Ավան թաղամասի բնակիչներից լսել է, որ Ռոբերտը Սահակի հետ վիճաբանել է, իբրեւ թե իր եւ Սահակի կնոջ՝ Քրիստինեի միջեւ սեռական հարաբերություններ լինելու հետ կապված, որի ժամանակ դանակով հարվածել է Հայկին եւ Անդրանիկին: Հայկը մահացել է, իսկ Անդրանիկը գտնվել է հիվանդանոցում:

Ռոբերտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սպանությունը եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:Նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, վերջինը դիմել է Վերաքննիչ դատրան եւ արդարացում է պահանջում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: