Ամանորն ու Սուրբ ծնունդը առանձնահատուկ տոներ են, որ նշվում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում՝ հազարամյակներ շարունակ։ Այդ կապակցությամբ ամեն երկիր ու ժողովուրդ Ամանորը դիմավորելու սեփական ավանդույթներն ունի։ Ամանորի նախաշեմին NEWS.am-ի խմբագրությունը որոշել է պատմել տարբեր երկրներում ամենատարօրինակ եւ արտառոց ավանդույթների մասին։
Ճապոնիա. Մաքրության ծես եւ KFC-ի կլանում
.jpg)
Ամանորի առաջին օրերին Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում եւ մարզերում անցկացվում են հոգու եւ մարմնի մաքրման ծեսեր՝ «միսոգի»։ Միսոգի անում են Ճապոնիայի ավանդական կրոնի՝ սինտոիզմի հետեւորդները։ Այն կարող է իրականացվել ծովում, գետում կամ ջրվեժի տակ։ Ծեսին մասնակցող տղամարդիկ միայն սպիտակ ազդրաշոր են կրում (ֆունդոշի), որը խորհրդանշում է մաքրությունը, եւ գլխաշորեր։ Կանայք կիմոնոներ եւ գլխաշորեր են կրում։ Սառցե ջուրը մտնելուց առաջ մասնակիցները հոգեբանական եւ ֆիզիկական վարժանքներ են անում։
Ապա նրանք վերցնում են փայտե ամաններն ու իրար վրա ջուր ցողում։ Համարվում է, որ միսոգին ոչ միայն ամրացնում է մարմինը, այլեւ օգնում հոգեւոր վերելքի հասնել, էներգիայի աղբյուր է, անգամ օգնում է ըմբռնել տիեզերքը։
.jpg)
Ուշագրավ է, բայց ճապոնացիների սիրելի ուտելիքն Ամանորին KFC ֆասթ-ֆուդն է։
.jpg)
Անհայտ պատճառներով հենց 1970-ականներից «գնդապետ Սանդերսի գաղտնի բաղադրատոմսով» պատրաստվա հավի միսն է դարձել ճապոնացիների սիրելի ուտեստը։ Այն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ ճապոնացիները պատվերները սկսում են անել դեռ մեկ ամիս առաջ։
Կատալոնիա՝ սուրբծննդյան կագաներներ
Կատալոնական Սուրբ ծնունդի բնորոշ ֆիգուրները կագաներներն ու Տիո-դե-Նադալ կամ կագաիտոն է։ Այդ փոքրիկ արձանիկները պատկերում են կարիքները հոգացող մարդկանց։ Դրանք ոչ միայն զվարճանք են, այլեւ հավատալիք, որ նման արձանիկներ ունեցողներին հաջողություն է սպասվում։
.jpg)
Սուրբ ծննդին այդ արձանիկները թաքցնում են տանը, իսկ հյուրերի եւ երեխաների խնդիրն է գտնել կագաները։ Համարվում է, որ արձանիկը գտնողն ու այն տեսանելի վայրում ամբողջ տարին պահողը հաջողակ կլինի։
Սովորաբար կագաներները պատրաստում են գիպսից եւ նկարազարդում։ Ավանդույթի համաձայն, կագաները կարմիր բերետով գյուղացի է, սակայն այժմ պատրաստում են քաղաքական գործիչների, դերասանների եւ երգիչների պատկերներով։
Սուրբ ծննդյան հրեշ Կրամպուսը
.jpg)
Գերմանիայում,Ավստրիայում եւ հարեւան այլ երկրներում Սուրբ ծննդից առաջ Կրամպուսի գիշերն են տոնում։ Դեկտեմբերի 5-ին կամ 6-ին Կրամպուսն ուղեկցում է Սուրբ Նիկոլային՝ պատժելով չար երեխաներին եւ վախեցնելով նրանց։ Այդկերպ Կրամպուսը գործում է Սուրբ Նիկոլայի դեմ, որը նվերներ է փոխանցում լավ երեխաներին։
.jpg)
Համարվում է, որ երբ Կրամպուսը չար երեխայի է հանդիպում, նրա բարձի տակ ածուխ է դնում, կամ երեխային պարկի մեջ տանում է իր քարանձավը, ենթադրաբար տոներին ուտելու համար։ Լեգենդենրի ավելի հին տարբերակներում Կրամպուսը առեւանգում է երեխաներին, տանում իր սարսափելի ամրոցը, ապա նետում ծովը։
Կրամպուսի գիշերը երիտասարդները սարսափելի զգեստներ են հագնում, զբոսնում փողոցում եւ թափահարում են շղթաներն ու զանգակները։ Նման ավանդույթ կա նաեւ Հարավային Բավարիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Չեխիայում, նաեւ Իտալիայի եւ Խորվաթիայի հյուսիսային շրջաններում։
Գրենլանդիա. Ամանորյա ուտեստները թույլ նյարդեր ունեցողների համար չեն
Կիվիակ՝ այս ուտեսը մատուցում են Ամանորյա սեղանին Գրենլանդիայում, թեեւ այն հանդիպում է այլ հյուսիսային ժողովուրդների մոտ եւս։ Այն պատրաստում են տոնից ամիսներ առաջ։
.jpg)
Ըստ էության, դա փոկի փտած միս է՝ ճայերով լցոնած։ Դրա պատրաստման համար կտրում են փոկի գլուխը, իսկ փորի մեջ փետրած ճայեր են լցնում։ Դրանից հետո կիվիակը յոթ ամիս թաղում են հողի մեջ, որի ընթացքում միսն ամբողջությամբ փտում է։ Նոր տարուց առաջ փոկին հանում են եւ մատուցում։ Համով այն հիշեցնում է չափազանց կծու հին պանիր։ Ի դեպ կիվիակը սովորաբար ուտում են մաքուր օդին։ Փակ տարածքներում հոտին դիմանալն անհնար է։
Դեկտեմբերի 23՝ Բողկի գիշեր Մեքսիկայում
Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը մեքսիկական Օահակա քաղաքի գլխավոր հրապարակում կարելի է տեսնել ահռելի քանակությամբ գեղեցիկ քանդակներ՝ պատրաստված բողկից։
.jpg)
Սուրբծննդյան ավանդույթի համաձայն, սեղանները զարդարելու համար բողկ էին օգտագործում։ Աստիճանաբար ձեւավորվեց Բողկի գիշեր անցկացնելու ավանդույթը։
Երեք դար անց՝ 1897թ., Օահակայի քաղաքապետ Ֆրանսիսկո Ֆլորես Վանսկոնսելոսը պաշտոնապես հաստատեց բողկից քանդակների ցուցահանդեսը Սոկալո հրապարակում։ Դրանից հետո միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ դեկտեմբերի 23-ին։
.jpg)
Բողկի որոշ տեսակներ կարող են հասնել մինչեւ 50 սմ երկարության։ Իհարկե, այդ ահռելի բանջարեղենները աճեցվել են պարարտանյութերի մեծ քանակությամբ եւ նախատեսված չեն սնունդի համար։ Բողկերը հավաքում են տոնից մի քանի օր առաջ հանձնում են վարպետներին՝ գեղեցիկ արձանիկներ ստեղծելու համար։




























