Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպաններն այսօր` դեկտեմբերի 28-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում 1 միլիոն դրամի դիմաց Բարսեղյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին:

NEWS.am-ի հետ զրույցում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ գործով գրեթե բոլոր ապացույցները հետազոտվել են, քննությանը խոչընդոտելու, անօրինական ազդեցություն ունենալու հավանականություն չկա եւ իր պաշտպանյալը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել:

«Քննությանը խոչընդոտելու, անօրինական ազդեցություն ունենալու հավանականություն չկա եւ եթե չկա` մնում է միայն փոխուստի դիմելու հավանականությունը: Գտնում ենք, որ գրավի անհրաժեշտ չափը կարող է չեզոքացնել այդ հավանականությունը: Հաշվի առնենք նաեւ Իշխան Բարսեղյանի անձը, ընտանեկան, հասարակական կապերը, այս գործը հանրային հնչեղություն ունի եւ եթե այս լույսի ներքո դիտարկենք` նա փախուստի դիմելու դրդապատճառ չունի»,-ասաց նա:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, երբ նշում էր իր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, Բարսեղյանը տեղից միջամտում էր` նշելով, որ այսօր եւս իրեն վատ է զգում, վատ ինքնազգացողություն ունի: Նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը դիմելով Իշպան Բարսեղյանին նշեց. «Պարոն Բարսեղյան, բայց լավ էլ խոսում եք…»,-Իշխան Բարսեղյանն էլ նախագահողին պատասխանեց. «Բայց ոնց որ Դուք էլ եք լավ խոսում»:

Նշենք, որ ներկայացված միջնորդությանը մեղադրողն առարկեց ` նշելով, որ այն անհիմն է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: