Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` դեկտեմբերի 28-ին, մերժեց 1 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը:
Իշխան Բարսեղյանի պաշտպանները նշել էին, որ գործով գրեթե բոլոր ապացույցները հետազոտվել են, քննությանը խոչընդոտելու, անօրինական ազդեցություն ունենալու հավանականություն չկա եւ իր պաշտպանյալը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:



























