Տիրանոզավրի հագուստներով երեք անձինք հայտնվել են ամերիկյան MSNBC հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ ուրախացնելով Twitter-ի օգտատերերին։

Եթերի հոլովակը հայտնել է Twitter-ում ալիքի պաշտոնական էջում։ «Այն պահը, երբ երեք տիրանոզավրեր ներխուժում են Հեյլի Ջեքսոնի ուղիղ եթերը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Տեսանյութում Հեյլի Ջեքսոնը Սպիտակ տանը փորձագետի հետ քննարկում է հարկային բարեփոխումը։ Այդ ընթացքում երեք անձինք են հայտնվում ետին պլանում եւ կռիվ են բեմադրում։ Ոչ հաղորդավարը, ոչ փորձագետը ուշադրություն չեն դարձնում կադրում կատարվողին։

Twitter-ի օգտատերերը բուռն ուրախությամբ են արձագանքել միջադեպին։

«Չեմ կարողանում չնայել եւ բուռն չծիծաղել»,- գրում է Ջինա Դին։

«Նորությունների լավագույն ետին ֆոնը ողջ պատմության ընթացքում»,- գրել է մեկ ուրիշը։

Ինքը՝ Ջեքսոնը ավելի ուշ է արձագանքել եւ գրել Twitter-ում՝ «Լավ է, որ ալիգատորներ չէին»։

The Palm Beach Post-ի փոխանցմամբ, տիրանոզավրերով հատվածը բեմադրված է եղել տեղի չորս բնակիչների կողմից։ Նրանցից երեքը հայտնվել են կադրում, իսկ չորրորդը հեռախոսով դիտել է MSNBC-ի եթերը եւ ուղղորդել «տիրանոզավրերին»։