Աշխարհի ամենագեր տղամարդը որոշել է բժիշկների հսկողությամբ նիհարել: 33-ամյա մեքսիկացի Խուան Պեդրո Ֆրանկոն 595 կգ է: 2017 թվականին նա մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես աշխարհի ամենածանրաքաշ մարդ, փոխանցում է Independent-ը: 

Ֆրանկոն, սակայն, հիմա որոշել է փոխել իր կյանքը եւ նիհարել: Նրա խոսքով՝ սկսել է գիրանալ վնասվածքից հետո, որը 17 տարեկանում ստացել է ավտովթարի հետեւանքով: Սակայն բժիշկները չեն կարողանում հասկանալ նման մեծ քաշի ավելացման պատճառը: Ինքը՝ Ֆրանկոն հավաստիացնում է, որ փորձել է տարբեր մեթոդներով նիհարել, սակայն ոչինչ չի ստացվել, այս պատճառով որոշել է վիրահատվել, որը նախկինում մի քանի բժիշկներ հրաժարվել են կատարել: Հիմա նրա մոտ հույս է ծնվել: Բժիշկները կարծում են, որ առաջիկա ամիսներին ստամոքսի հատման վիրահատությունից հետո նա մոտ 120 կգ-ով կնիհարի: