Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն այսօր, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հենրիկ Կասպարյանի  անվան շախմատի եւ շաշկու մանկապատանեկան մարզադպորցի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված շախմատի մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եռօրյա պայքարին մասնակցել են 90 շախմատիստներ, այդ թվում 20 գրոսմայստերներ:

Կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Լիլիթ Մկրչյանը, որը Էլինա Դանիելյանի հետ վաստակեց հավասար` 7,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով գրավեց առաջին տեղը: Դանիելյանը երկրորդն է: Երրորդ մրցանակը ստացավ Լիլիթ Գալոյանը:

50-ից ավագ տարիքային խմբում հաղթող դարձավ դպրոցի մարզիչ Սահակ Մկրտչյանը:

Հիմնական մրցաշարում ծավալված հավասար պայքարում առաջին մրցանակը նվաճեց Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, որը վաստակեց 9,5 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեց Փյունիկ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը: