Այսօր` դեկտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում 18 ՕՏ 913 համարանիշի, դեռեւս անհայտ մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Մերսեդես 600 մակնիշի 22 ՕԼ 627 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընդհարման արդյունքում «Մերսեդես 600» մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել մայթեզրի ծառին, արմատախիլ արել այն, եւ «Ավիատրանս» հյուրանոցի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնների, որից հետո մոտ 40-50 մետր մխրճվել Աբովյան 8-րդ շենքի հարեւանությամբ գտնվող շինարարության տարածքի մեջ:

Երկու հետիոտնները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանք են 48-ամյա Կարեն Աղաջանյանը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ 45-ամյա Գայանե Ղասունյանը: Վերջինիս ձեռքն է կոտրվել:

Ընդհարման ժամանակ 18 ՕՏ 913 ավտոմեքենայի համարանիշն ու շիթը պոկվել եւ ընկել էին վթարի վայրում: Քիչ առաջ նշված ավտոմեքենայի վարորդը մեքենայով ինքնակամ ներկայացել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն: Պարզվել է, որ այդ մեքենան «Մերսեդես E 320» մակնիշի է:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, որոնք տեղազննման աշխատանքներ են կատարում: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Մերսեդես 600»-ը վարել է Կարեն Աշոտի Ավդալյանը, իսյկ «Մերսեդես E 320»-ը` Արման Ռոլանդի Քելեշյանը: Վերջինս հայտնել է, որ վթարի վայրից մեկնել է Ծերեթելի փողոցի վրա գտնվող մանկական հիվանդանոց, քանի որ մեքենայում է եղել իր մանկահասակ աղջիկը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի