Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ՆԳ գլխավոր վարչությանը կից գործող հասարակական խորհրդի նախագահ Միխայիլ Սավվան դիմել է իրավապահներին, խնդրելով հետաքննություն սկսել դեկտեմբերի 19-ին տարբեր էթնիկ պատկանելիության մի խումբ երիտասարդների կազմակերպած ակցիայի հետ կապված:  

Հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը. «2010-ի դեկտեմբերի 19-ին տարբեր էթնիկ պատկանելիության մի խումբ երիտասարդներ մտել են «Գալերեա» եւ խուլիգանական արարքներ թույլ տվել:  Ակցենտով ռուսերեն խոսող երիտասարդները բարձր ձայնով հայհոյել են, հնչեցրել ազգայնական կարգախոսներ եւ սադրել շրջապատող մարդկանց: Նրանցից մեկի ձեռքին կար Վրաստանի դրոշ: Բոլոր այդ գործողությունները պարզ երեւում են տեսանկարահանված կադրերում, որը նկարել է ակցիայի մասնակիցներից մեկը եւ այն տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Տեսանյութում պարզ երեւում են ակցիայի մասնակիցների դեմքերը եւ լսվում նրանք խոսքերը: Ներկայումս այդ տեսահոլովակը ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում»:

Նամակում նշվում է նաեւ, որ նման ակցիաները խախտում են հասարակական-քաղաքական կայունությունը եւ պետք է պատժվեն: Հակառակ դեպքում, էլ ավելի կուժեղանա հակադրությունն ազգային հողի վրա եւ կնվազի վստահությունն իրավապահ համակարգի հանդեպ:

«Դեկտեմբեր ամսին Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային ակցիաները արդյունք էին քրեական հանցագործությունների փաստերի առնչությամբ իրավապահների անգործության: Վճռականորեն խնդրում ենք հետաքննություն սկսել դեկտեմբերի 19-ին Կրասնոդարում տեղի ունեցած այդ ակցիայի առնչությամբ եւ հարուցել քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կրասնոդարում ռուս ազգայանականները բոլորովին վերջերս մահվան դուռն էին հասցրել մի հայ դեռահասի։ Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին՝ Կրասնոդարում։ Ռուսաստանի քաղաքացի 16-ամյա Բագրատ Ասատրյանը ռուս ընկերների հետ զբոսնելիս է լինում, երբ նրա վրա հարձակվել էին ուրիշ ռուսներ։ Տղայի հոր խոսքով, հարձակումը գործել էին 15-20 երիտասարդներից բաղկացած խումբը։ Նրանք սկսել էին ծեծել հայ երիտասարդին։ Ռուսներից մեկը դանակով հարվածել էր արդեն գետնին ընկած Բագրատին։ Հիվանդանոցում Բագրատի մարմնին դանակի 12 հարված են հաշվել։ Տղային ռուս ազգայնականները հանգիստ են թողել միայն այն ժամանակ, երբ նա մեռած է ձեւացել։

Ոստիկանությունն արդեն բռնել է խմբի անդամների մեծամասնությանը։ Բոլոր ձերբակալվածները 18-22 տարեկան են։