2011-ին՝ Նապաստակի տարում դիմահարդարման մեջ առավել ակտուալ են լինելու սպիտակի եւ մոխրագույնի երանգները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մայրաքաղաքի հեղինակավոր գեղեցկության սրահներից մեկի դիմահարդար-ոճաբան Արմինեն։

Նրա խոսքով, Նապաստակի տարում կանայք եւ աղջիկները դիմահարդարման մեջ առավելությունը պետք է տան բաց գույներին՝ սպիտակին, մոխրագույնին եւ դեղինին։ «2011-ին նորաձեւ է նուրբ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ դիմահարդարումը։ Ընդ որում, առավել արտահայտիչ պետք է լինեն աչքերը»,- խորհուրդ տվեց մասնագետը։

Aga Persona գեղեցկության սրահի վարսահարդար-ոճաբան Ալինան էլ իր հերթին ավելացրեց, որ Նապաստակի տարում նորաձեւ են լինելու միատոն մազերը՝ պղնձագույն կամ ոսկեգույն երանգներով, ինչպես նաեւ կրեատիվ (ստեղծագործ մոտեցմամբ) սանրվածքները։ «Տարվա «բումը» կլինեն հունական հյուսքերը։ Գերադասելի է, որ վարսերը գանգուր լինեն»,- նշեց վարսահարդարը։