Իսրայելի ղեկավարները քննադատել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իր հայտարարության կապակցությամբ, հաղորդում է AP-ն:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Աբասը «խելքը կորցրել է» եւ խաղաղ բանակցությունների հեռանկարից հրաժարվել է՝ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ բաց առճակատման նպատակով: Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը, ասել է, որ Աբասի ելույթը կարապի երգ է իրենից ներկայացնում:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Աբասը «պատռել է իր դիմակը»: «Մեր եւ պաղեստինցիների միջեւ պատերազմի պատճառը նրանց կողմից հրեական պետությունը ցանկացած սահմաններում ճանաչելուց հրաժարվելն է», - Facebook-ի հայտարարության մեջ գրել է նա:

Կիրակի երեկոյան 2 ժամ տեւած ելույթում Աբասը կտրուկ  սրել է հռետորաբանությունը՝ հարձակվելով ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ անգամ արաբական այլ առաջնորդների վրա՝ ասելով, որ նրանք իր հասցեին արված քննադատության համար կարող է դժոխք գնան: Աբասը խաղաղ գործընթացը մեռած է անվանել եւ դրանում մեղադրել է Իսրայելին: