NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի հետ:

Ինչպիսի՞ն էր անցնող տարին:

2010 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար: Երկիրը, գործադրելով բոլոր ջանքերը, փորձում էր հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Այդ ճգնաժամը բացասաբար անդրադարձավ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտների վրա: 2010-ին մեր աշխատանքում հիմնական ուշադրությունն ուղղված էր սոցիալական ծառայությունների մատչելիությանը եւ որակի լավացմանը, տարածաշրջանային տարբերությունների, սոցիալական անհավասարության, սոցիալական մեկուսացման հաղթահարմանը: Մենք ուժեղացրեցինք մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի կառավարության եւ այլ կառույցների հետ` նպաստելով Հազարամյակի զարգացման նպատակներ` ՀԶՆ-ի ծրագրի կատարմանը:

Որո՞նք էին Ձեզ համար անցնող տարվա ամենահիշարժան իրադարձությունները:

2010-ին սկսվեց ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագիրը (UNDAF): Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի առաջնահերթային ոլորտները լիովին համապատասխանում են ՀՀ ազգային նպատակներին: Բազմաթիվ ծրագրերից նշեմ մի քանիսը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:

Այս տարի ներկայացվեց ՀԶՆ ծրագրի առաջընթացի երկրորդ հաշվետվությունը: Կնշեի նաեւ Գեղամասարում, Փամբակում եւ Գեղարքունիքում իրականացրած խոցելի սոցիալական խմբերի` փախստականների, տեղահանվածների եւ տեղի հայ ընտանիքների կայուն զարգացման (Sustainable Livelihood for Socially Vulnerable Refugees, Internally Displaced and Local Families) ծրագիրը:

Հայատանում մեր գրասենյակը ներկայացրեց նաեւ «ՀայաստանԻնֆո» տվյալների շտեմարանը, որի նպատակն է ՀԶՆ եւ Կայուն զարգացման ծրագրերի հաշվետվությունների եւ բոլոր մակարդակներում դիտարկման արդյունքների ներկայացումը:

Նշեմ նաեւ Հայաստանի դեմոգրաֆիական քաղաքականության ռազմավարության գործողությունների (2009-2035) ծրագրի ընդունումը: Դրա շրջանակում կդիտարկվեն ցածր ծնելիությունը, ծերացումը եւ արտագաղթը:

Ի՞նչ դեր ունեցավ 2010-ին ՄԱԿ-ը Հայաստանի կյանքում:

Այսօր Հայաստանում գոյություն ունի ՄԱԿ-ի 13 գործակալություն, հիմնադրամ եւ ծրագիր: Բոլորն էլ վայելում են Հայաստանի կառավարության եւ մյուս գործընկերների հարգանքն ու վստահությունը: Զարգացման նպատակով ՄԱԿ-ի տրամադրած օգնությունը համապատասխանում է Հայաստանի ազգային առաջնահերություններին եւ ապահովում է ազգային պատասխանատվության զարգացումն ու ամրապնդումը:

2010 թվականը ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրագործման տարին էր: Այն շրջանակային փաստաթուղթ է, որը նախանշում է մեր եւ Հայաստանի կառավարության առաջիկա հինգ տարիների գործընկերության հիմնադրույթները:  

Ի՞նչ նոր ծրագրեր եւ միջոցառումներ են լինելու 2011-ին:

Ես ակնկալում եմ, որ 2011-ը կլինի արագ աճի, մակրոտնտեսական կայունության, սոցիալական ինտեգրացիայի, ժողովրդավարության եւ մարդկային ներուժի հետագա զարգացման տարի: Հաջորդ տարի Հայաստանը կշարունակի Եվրամիության ասոցիացված անդամակցության բանակցությունները, եւ դրանց հաջող ավարտը կախված է Հայաստանի կառավարության եւ նպատակային ու արդյունավետ զարգացման աջակցության ծրագրերի համաձայնեցված ջանքերից: ՄԱԿ-ը պատրաստ է առաջիկայում եւս օգնել Հայաստանին` Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու եւ այլ միջազգային համաձայնագրերով պարտավորությունների կատարման համար: 2011-ին մեր աշխատանքի վերջնական նպատակը Հայաստանի քաղաքացիների բարեկեցության եւ զարգացած ժողավրդավարության բարելավումն է: Այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել ժողովրդավարական կառավարման, աղքատության նվազեցման եւ սոցիալական ինտեգրացիայի ոլորտներում նպատակային ծրագրերի հաշվին:

Պատմեք Սուրբ Ծննդի եւ Ամանորի հետ կապված Ձեր ծրագրերի մասին:

Սուրբ Ծնունդն հատուկ իմաստով ու ավանդույթներով օր է, որը ես անցկացնում եմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Կարծում եմ` դեռ կունենամ հնարավորություն այն անցկացնել Հայաստանում, որտեղ շատ հայ ընկերներ ունեմ: Այդ տոնը ես Հայաստանում եմ նշել իմ աշխատանքի առաջին տարում:

Ձեր մաղթանքը հայ ժողովրդին:

Հայ ժողովրդին եւ բոլորիս մաղթում եմ, որ 2011 թվականը լինի լավատեսության, էնտուզիազմի, խաղաղության եւ բարգավաճման տարի: Ամեն Նոր տարի մեզ դարձնում է ավելի վստահ, փորձառու եւ իմաստուն: Օգտվենք դրանից ի բարօրություն մեր համաքաղաքացիների, ընտանիքների եւ ընկերների: Ուզում եմ օգտվել այս առիթից եւ անկեղծ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ում, Հայաստանի կառավարությունում բոլոր իմ գործընկերներին, մյուս ընկերներին ու գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ անցնող տարվա ընթացքում: