Հաջորդ տարվա համար հայրենի օրենսդիրները Ձմեռ Պապիկից ցանկացան խաղաղություն, առողջություն եւ երջանկություն իրենց մտերիմների ու ամբողջ հայ ժողովրդի համար։
Ամանորյա այս իղձերը պատկանում են հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանին, Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին, պատգամավորներ Վերսանդիկ Հակոբյանին (Երեւանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր) , Գագիկ Աբրահամյանին («Բրիլիանտ Գագո»), Արեգ Ղուկասյանին (աղի կոմբինատի սեփականատեր):
Ի դեպ, վերջին երեքի մաղթանքները, թերեւս կարելի է բացատրել: Ի՞նչ կարող է Ձմեռ Պապիկից ցանկանալ մի մարդ, ում մեծարում են «Բրիլիանտ Գագո» տիտղոսով, կամ մեկ ուրիշը, որի մոտ Ամանորի շեմին «կենտրոնացած է» Հայաստանի շամպայնի պահուստները, ինչպես ասում են՝ խմի՛ր, ինչքան կարող ես։
Հիմա սկսենք NEWS.am-ի ընթերցողին ներկայացնել այն պատգամավորների մաղթանքները, ովքեր տոնական ցանկությունն արտահայտելիս մի քիչ հումոր ու ֆանտազիա բանեցրին։
«Մաքս-գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը Ձմեռ Պապից փող է ցանկանում, ու այն էլ շա՜տ, շա՜տ փող։
Վիկտոր Դալլաքյանը ամանորի գիշերն այցելող բարի պապիկից ակնկալում է, որ նա հետը բնական ու զարդարված եղեւնի բերի։ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցին խոստովանեց, որ մանուկ հասակից շատ է սիրում ամանորն ու հատկապես զարդարված տոնածառը։ «Մեր տանը Ամանորին միշտ բնական եղեւնի էին տեղադրում, եւ ավանդույթի համաձայն հանում էին Հին նոր տարուն՝ հունվարի 13-ին։ Մայրս այն դեն էր նետում, բայց ես թաքուն գնում էի աղբանոցից հետ բերում տոնածառը ու պահում էի տան նկուղում։ Մերոնք նորից այն աղբանոց էին տանում, ես նորից հետ էի բերում, ու էդպես մոտ մեկ շաբաթ։ Մեկ շաբաթից տանեցիները «հանձնվում էին» ու թողնում էին, որ եղեւնին մոտ մեկ ամիս մնա նկուղում»,- մանկական հիշողություններից թղթակցին պատմեց Դալլաքյանը։ Պարզվեց սակայն, որ պատգամավորը մինչեւ այժմ չի հրաժարվել այդ սովորությունից։
«Ես մինչեւ այժմ չեմ թողնում, որ իմ ներկայությամբ տոնածառը հավաքեն։ Իմ մոտ այնպիսի զգացում է լինում, որ կենդանի մարդու եմ հրաժեշտ տալիս»,- ասաց Դալլաքյանը՝ ընդգծելով, որ եղեւնիների նկատմամբ իր սերը միայն բնականին է առնչվում։ «Եթե տանը եղեւնի լինի, բայց խեժի հոտը չզգամ, կմեռնեմ»,- նշեց պատգամավորը։
Պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբո») այս տարվա Ձմեռ Պապի հնարավորությունների վրա, պարզվեց, կասկածում է։ «Ես այնպիսի ցանկություններ ունեմ, որ այս Ձմեռ Պապը, ավելի ճիշտ այս տարվա Ձմեռ Պապիկը չի կարող դրանք իրականացնել»,- վստահեցրեց Գեւորգյանը։ Չնայած ինքներս էլ, իմանալով պատգամավորի երազանքի մասին, հասկացանք, որ հարցը Ձմեռ Պապի իրավասությունից դուրս է։ Գեւորգյանի ցանկությունը հայրենասիրական բնույթի է։ Նա ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը իրավաբանորեն ամրագրվի։ «Անձամբ ինձ համար կցանկանայի, որ ոչինչ չկարողանա իմ հայրենասիրությունը ու ազգիս նկատմամբ սերը պակասեցնել։ Եւ իհարկե ինձ առողջություն կցանկանայի։ Մեր ազգին էլ առողջությունը չէր խանգարի»,- նկատեց Գեւորգյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանն ընդհանրապես շատ վատ կարծիք ունի Ձմեռ Պապի մասին։ Բոստանջյանը խեղճ Ծերուկին նախ վատաբանեց տարատեսակ մականուններով, հետո սկսեց վստահեցնել, որ Սանտա Կլաուսը կամ Ձմեռ Պապը արհեստածին երեւույթ է։ «Ես դրան չեմ սիրում, ու չեմ կարծում, որ նա ճիշտ կերպար է, եւ ընդհանրապես, ես սովոր չեմ որեւէ մեկից ինչ-որ բան խնդրել։ Ես սովոր եմ իմ ուժերով հասնել ամեն ինչի, այդ պատճառով մեր ընտանիքում Ձմեռ Պապն անկոչ հյուր է»,- խոստովանեց պատգամավորը։ Պարզվեց, որ Բոստանջյանն առանց խղճմտանքի ու խղճի խայթի Ձմեռ Պապի մասին ողջ ճշմարտությունը պատմել է նաեւ փոքրիկ որդուն։
«Դե հա, մենք փոքրիկին նվերներ առնում ենք, բայց նշում ենք, որ այդ նվերները մենք ենք գնել։ Ձմեռ Պապի նման ֆորմալ բաները մեր ընտանիքում ընդունված չեն»,- ասաց պատգամավորը։ Ինչպես հայտնի դարձավ, Ձմեռ Պապիկի նկատմամբ բարդույթը Բոստանջյանի մոտ առաջացել է դեռ մանուկ հասակում։ Բոստանջյան հայրիկին էլ, փոքր հասակից սովորեցրել են, որ պետք չէ հավատալ ամանորյա հրաշքներին։
Իր յուրահատուկ հումորով հայտնի հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն այս անգամ Ձմեռ Պապից ցանկացավ ավանդական «երջանկություն, խաղաղություն ու առողջություն»-ը, բայց երբ հիշեցրինք իր նախորդ տարվա ցանկության մասին (Սահակյանը նախորդ տարի Ձյունանուշիկ էր ցանկացել), պատգամավորն ասաց. «Անցած տարվա Ձյունանուշիկը դեռ ուժի մեջ է, դրա համար այս տարի Ձմեռ Պապից ուրիշ բաներ եմ ցանկանում»:
Ամանորյա ցանկությունների մասին NEWS.am-ին տեղեկացնողների թվում է նաեւ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Վահե Հակոբյանը։ Հակոբյանը ռոմանտիկ ոճով հայտարարեց, որ ձյուն է ցանկանում։ «Ձյուն եմ ուզում, ձյո՜ւն, որովհետեւ այն առատության, մաքրության ու անաղարտության խորհրդանիշն է»,- երազկոտ ասաց պատգամավորը։
Իսկ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանի կյանքը վերջերս անհետաքրքիր է դարձել, որովհետեւ նրանք վաղուց դադարել են երազել եւ Ձմեռ Պապիկից ակնկալիքներ ունենալ։ «Ես Ձմեռ Պապին դադարել եմ հավատալ, ու ինքս եմ փորձում երեխաների համար լինել այն»,- ասաց Բիշարյանը՝ այնուամենայնիվ սեր եւ հանդուրժողականություն ցանկանալով ամանորյա ծերուկից։ «Քանզի միայն սիրո հիմքի վրա կառուցված հարաբերություններն են լինում անկեղծ ու երկարակյաց»,- ավելացրեց նա։
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոստովանեց, որ ամեն Նոր Տարուն շատ է ուրախանում Ձյունանուշիկի այցից։ «Իսկ Ձմեռ Պապից կցանկանայի, որ մարդկանց դեմքերից վերջապես մաքրի կեղծ ժպիտները»,- ասաց Սահակյանը։
Զրուցակիցներից միակ «Նապաստակը», Հանրապետական խմբակցության քարտուղար, եւ Սահակյանի կուսակից Էդուարդ Շարմազանովը բոլորին ցանկացավ «նապաստակի տարում» «նապաստակի աշխուժություն ու անհոգություն»: «Ցանկանում եմ, որ «նապաստակը» իրեն հատուկ անհոգությամբ մեր կյանքում եւ մեր մտածելակերպում անհոգություն ու թեթեւություն ներմուծի։ Բոլորին սեր եմ ցանկանում, քանի որ ցանկացած գործ, որը սիրով է կատարվում, դատապարտված է հաջողության»,-ասաց Շարմազանովը։
Դե, իսկ ընդդիմությունը Ձմեռ Պապից ցանկացավ խիղճ ու իմաստություն, բայց իշխանության համար։ Հենց այսպիսի ցանկություն արտահայտեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ամանորյա ցանկությունն էլ մասնագիտական էր։ «Հայաստանի քաղաքացիների համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ եմ ցանկանում։ Եթե Ձմեռ Պապիկը իմ երազանքն իրականացնի, ինձ էլ դրանից բաժին կհասնի»,- նշեց Արմեն Հարությունյանը։





























