Ամանորյա կերուխումի օրերը առավել անվտանգ վայելելու համար հարկ է պահպանել զգուշության որոշակի կանոններ. զերծ մնալ ժամկետանց սննդամթերք օգտագործելուց, չչարաշահել ալկոհոլը, չօգտագործել տարատեսակ ուտեստներ միաժամանակ: Այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հորդորեց Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը:
«Պետք չէ իրար խառնել հատկապես սունկն ու գինին: Այլ ուտեստների համադրությամբ վտանգավոր է նաեւ ոչխարի մսի օգտագործումը, քանի որ այն ալերգիկ ազդեցություններ ունի»,-նշեց Լ. Հունանյանը: Նրա խոսքով` աղցանները եւս թունավորուների պատճառ կարող են դառնալ, հատկապես, երբ դրանք համեմում են թթվասերով եւ մայոնեզով ու օրեր շարունակ այդ նույն աղցանը օգտագործում. «Թթվասերն ու մայոնեզը մանրեների համար նպաստավոր միջավայր են հանդիսանում: Ուստի հարկ է միայն մատուցելուց առաջ համեմել զանազան սոուսներով»,-հավելեց մասնագետը:
Նրա հավաստամբ` ստամոքսաղիքային համակարգի համար վտանգավոր կարող է լինել նաեւ «խոզի բուդը», սակայն սա այն պարագայում, երբ օրեր շարունակ մնում է ամանորյան սեղանին: Ըստ մասնագետի`նշյալ ուտեստը 24 ժամից ավելի անթույլատրելի պահել առանց սառնարանային պայմանների:
Ի վերջո, Լ. Հունանյանը ամփոփում է` կարելի է օգտվել ամեն ինչից, սակայն չափավոր եւ անվտանգության կանունների պահպանմամբ:





























