Խորհրդարանը պետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի միակ վայրը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեկնարկել  է  2018 քաղաքական տարին, որը ինչպես եւ սպասվում էր  հարուստ է  ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններով: Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի եւ մեր`խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու  օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն եւ անցնցում: Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության եւ իշխանության գաղափարական եւ ծրագրային պայքարի միակ վայրը:

Իհարկե, քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում»:

Անդրադառնալով նրան, որ մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Շարմազանովն ընդգծեց. «Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը: Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության եւ միասնության,  իսկ որտեղ ունենք կասկած, պետք է  ձեռք բերենք  վստահություն ու հավատ: Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, եւ  Արցախի քաղաքացու  ազատությունն  ու անկախությունը անշրջելի փաստ է:  Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»: