Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ տեղեկությունը Ղազախստանի Հանրապետության  իրավասու մարմինների կողմից փոխանցվել է Ղազախստանում ՀՀ դեսպանությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ղազախստանի Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուս է այրվել, որի հետեւանքով 52 մարդ է զոհվել:

«Հունվարի 18-ին 10։30 րոպեին Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանի Սամարա-Շիմքենդ ավտոճանապարհի 1068-րդ կիլոմետրին՝ Կալիբայ գյուղից 10 կմ հեռավորության վրա Ikarus ուղեւորատար ավտոբուսը սկսել է այրվել: Ներսում եղել է 55 ուղեւոր եւ երկու վարորդները»,- նշել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի  պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը։

Ակտյուբինսկի շրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունում նշել են, որ մահացածների թվում կան Ուզբեկստանի քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ, նա հստակեցրել  է, որ Ղազախստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեի  աղետների ժամանակ  բժշկական կենտրոնի  ճանապարհային բժշկա-փրկարարական կետի անձնակազմի կողմից բժշկական օգնություն է ցուցաբերվել 5 ուղեւորների, որոնց  հաջողվել էր դուրս գալ: Մնացած 52 հոգին տեղում զոհվել են: