Վրաստանը կոպիտ մերժում է ստացել Ռուսաստանի կողմից` «ահաբեկչությունների հետաքննության հարցում համագործակցության առաջարկին»: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է պետական պահպանության հատուկ ծառայության 326 կուրսանտների երդման արարողությանը:

Սահակաշվիլին վստահ է, որ հենց Ռուսաստանն է փորձել Վրաստանում դիվերսիաներ իրականացնել:

«Մենք ասացինք, որ պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ տվյալ փաստերի հետաքննության ուղղությամբ, բայց նրանցից կոպիտ մերժում ստացանք: Դա էլ ավելի խորացեց մեր կասկածները, թե ովքեր են կազմակերպել այդ ահաբեկչությունները մեր տարածքում»,- ասել է Սահակաշվիլին:

Վրացական կողմի վարկածով, Վրաստանի տարածքում այս տարվա սեպտեմբեր-նոյեմբերին մի շարք պայթյուններ իրականացվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Դեկտեմբերի 4-ին  ձերբակալվել էին Վրաստանի վեց քաղաքացիներ, որոնք կասկածվում են Թբիլիսիում ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության եւ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունների իրականացման մեջ: