Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնության կարգ է կատարվել՝ հին Վեհարանի նորոգության եւ վերակառուցման առիթով:
Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է Վազգեն Ա Կաթողիկոսի ժամանակ՝ 1958 թվականին:
Հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի եւ նրա տիկնոջ` Վերա Սեդրակյանի բարերարությամբ: Շինարարությունն իրականացնում է «Հորիզոն 95» ՍՊԸ:
Նորոգության ընթացքում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջաններում իրականացված շինությունների շերտեր, վաղ շրջանի կառույցներ, որոնք պեղումների արդյունքում գիտնականների կողմից թվագրվել են 7-9-րդ, 12-13-րդ դարերով: Այս առնչությամբ, Գարեգին Բ-ն հայտնել է, որ դրանք անխաթար կպահպանվեն, իսկ հին Վեհարանի շենքը կպահպանի իր պատմա-ճարտարապետական հորինվածքը: Նորոգությունից հետո հին Վեհարանը կշարունակի գործել իբրեւ թանգարան: Ծանուցվել է նաեւ, որ Վեհարանի պատմական կառույցի հարավ-արեւմտյան մասում կառուցվում է կացարանային մասնաբաժին:
Արարողությանը մասնակցել են Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի միաբաններ եւ պաշտոնյաներ:





























