Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քարոզչության ճանապարհով չափազանցնել Ռուսաստանից ստացած սպառազինության նշանակությունը: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Չնայած, ինչպես նշեց Նավասարդյանը, Ադրբեջանի փոխարեն այդպես կվարվեր ցանկացած երկիր: «Մի քանի ռազմական փորձագետներ ինձ հայտնել են, որ այս ռազմական տեխնիկայի պարամետրերը եւ հնարավորությունները մի փոքր ուռճացված են: Այո, հրետանային համակարգերն իսկապես լուրջ վտանգ են ներկայացնում, սակայն ԲՏՌ-ի հնարավորությունները, որոնց վրա Բաքուն մեծ ուշադրություն է կենտրոնացնում, մի փոքր չափազանցված են»,- հավելեց նա:

Փորձագետի խոսքով՝ սա ամեն դեպքում, անկասկած, իրադարձություն է: Սակայն Մոսկվայում ոչ բոլորն են ադրբեջանցիներին աջակցում, եւ կան որոշակի ուժեր, որոնք հայկական կողմին են աջակցում: Դրանից զատ, Արման Նավասարդյանի խոսքով, տվյալ դեպքում Կրեմլի համար որոշակի նշանակություն են ունեցել սպառազինության վաճառքի հետ կապված ֆինանսական շահերը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը նաեւ կարծում է, որ Մոսկվան ավելի շուտ ցանկանում է Հայաստանին «դեղին քարտ» ցույց տալ՝ դրանով նախազգուշացնելով իր դժգոհության մասին այն քաղաքականությունից, որը Երեւանը վարում է իր արեւմտյան գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել ռուսական արտադրության ռազմական տեխնիայի եւ ռազմամթերքի հերթական խմբաքանակը, որոնք կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված զորամասերին: Սպառազինության հիմնական մասն են կազմել ռուսական ժամանակակից ԲՏՌ-82А զրահափոխադրամիջոցները, որոնց մշակումը սկսվել է դեռեւս 2009-2010 թվականներին: Ընդամենը Ադրբեջան պետք է մատակարարվի ԲՏՌ-82А 230 զրահափոխադրամիջոց: Դրանց մատակարարումները սկսվել են 2013 թվականից եւ հիմա այս «տանկերի կործանիչների», ինչպես այն անվանել են ռուս զինվորականները, մեծ մասն արդեն մատակարարվել է: