Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը որոշակի աստիճանով նպաստում է Բաքվի վրա Մոսկվայի վերահսկողության ուժեղացմանը:  Հունվարի 23-ին «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ մի շարք երկրների նկատմամբ ժամանակին այսպիսի քաղաքականություն է վարել խորհրդային պետությունը, երբ սպառազինության մատակարարումներ էին կատարվում, եւ դրանց հաշվին ուժեղացվում էր քաղաքական վերահսկողությունը: «Սակայն ժամանակները փոխվել են: Ես համոզված չեմ՝ արդյոք Մոսկվան Ադրբեջանին զենք վաճառելով կկարողանա վերահսկողություն իրականացնել, որպեսզի գլոբալ պայթյուն թույլ չտա»,- հավելեց Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է ուղարկվել ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը, որը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված ստորաբաժանումներին: