Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեում եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը հաշվարկել է աշխատավարձի առավելագույն շեմը, որի դեպքում եկամտահարկի փոփոխությունը զրոյական ազդեցություն է ունեցել: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

Նա նշեց, որ այդ շեմը գտնվում է 279 հազար դրամի մակարդակում, ինչը նշանակում է, որ այս չափի աշխատավարձի դեպքում եկամտահարկը կգանձվի նույն չափով, ինչ գանձվել է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, այսինքն՝ մինչեւ ՀՀ նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

«Պարզ մաթեմատիկական հաշվարկների արդյունքում պարզվեց, որ եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը դրականորեն կանդրադառնա այն անձանց վրա, ովքեր 279 հազար դրամից ցածր աշխատավարձ են ստանում, և հակառակ ազդեցություն կունենա նրանց վրա, ում աշխատավարձը գերազանցում է 279 հազար դրամը», - ասաց Համբարձումյանը:

Վերջինս պարզաբանեց, որ, օրինակ, եթե քաղաքացու աշխատավարձը մինչեւ հարկադրումը 80 հազար դրամ է կազմում, ապա մինչեւ 2018 թվականի հունվարի 8-ը նա 60480 մաքուր աշխատավարձ կստանար, իսկ այժմ կստանա 61600 դրամ: Աշխատողի օգտին տարբերությունը 1220 դրամ է կազմում: Իսկ եթե հարկադրումից առաջ աշխատավարձը արդեն իսկ 280 հազար դրամ է, անցյալ տարի աշխատողը 209120 դրամ մաքուր աշխատավարձ կստանար, իսկ այժմ կստանա 209100 դրամ աշխատավարձ եւ կկորցնի 20 դրամ:

Սա նշանակում է, որ որքան աշխատավարձը մոտ է ազդեցության զրոյական շեմին, այդքան աշխատողը ավելի քիչ օգուտ է ստանում եկամտահարկի փոփոխությունից, իսկ որքան բարձր է աշխատավարձը, այդքան աշխատողը ավելի շատ է կորցնում եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից:

«Հայաստանում վարձու աշխատողների թիվը մոտ 600 հազար է, որի 90 տոկոսը 279 հազար դրամից ցածր աշխատավարձ է ստանում, այսինքն աշխատողների 90 տոկոսը օգտվում է եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից, քանի որ նրանցից գանձվող եկամտահարկի չափը նախկինից քիչ կլինի», - ասաց Վահագն Համբարձումյանը: Մնացած 10 տոկոսը, որի աշխատավարձը գերազանցում է 279 հազար դրամը, ստիպված կլինի ավելի շատ վճարել, իսկ արդեն 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ` 34420 դրամ ավել: