Հայերը, որպես հին եւ ավանդապաշտ ազգ, միշտ էլ համարել են, որ Նոր Տարին ընտանեկան տոն է եւ այն պետք է անցկացնել բացառապես տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Մինչեւ վերջերս, գոնե, մեզանից շատերն այդպես էին մտածում։ Բայց, ինչպես ասում են, ժամանակներն ու մարդիկ փոխվում են, փոխվում են նաեւ ավանդույթները։ Տարիների հետ արմատացած կարծրատիպերն իրենց տեղն աստիճանաբար զիջում են նոր սովորույթներին, եւ «նոր հայերն» էլ գերադասում են ամանորյա տոներն անցկացնել ոչ թե սեփական հարկի տակ, այլ, ասենք, որեւէ էկզոտիկ երկրում՝ օվկիանոսի ափին։

Պարզելու համար, թե հատկապես ո՞ր արտասահմանյան երկրներում են գերադասում Նոր տարվա տոներն անցկացնել մեր հայրենակիցները եւ ո՞ր ուղղություններն են նրանք առավելապես նախընտրում, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հայաստանյան մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։

Հետաքրքրական է, որ ըստ գործակալությունների տրամադրած տվյալների՝ նրանք, ովքեր հնարավորություն ունեն Ամանորը դիմավորել արտերկրում, առավելապես նախընտրում են Եգիպտոսը եւ Դուբայը։ «Հատկապես վերջին տարիներին հայերը գերադասում են Նոր տարին դիմավորել տաք, արեւադարձային երկրներում. հակառակ դրան՝ Շենգենյան երկրները պակաս մասսայականություն են վայելում՝ պայմանավորված վիզաների տրամադրման դժվարություններով եւ փաթեթների բարձր գներով»,- տեղեկացրեց զբոսաշրջային հեղինակավոր գործակալություններից մեկի տնօրենը։ Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ընկերությունը Նոր տարվա նախօրեին անակնկալ զեղչեր մատուցել իր հաճախորդներին, գործակալության տնօրենը նշեց, որ նման ծրագրեր իրենք չունեն. ավելին, տեղեկացրեց, որ 2 հոգու համար նախատեսված Դուբայի ամանորյա ամենամատչելի փաթեթների արժեքն սկսվում է 1800-2000, իսկ Եգիպտոսինը՝ 1200 դոլարից։ «Պահանջարկ ունեցող ուղղությունների արժեքը չի իջեցվում, քանի որ այսպես, թե այնպես մարդիկ պատրաստ են վճարել սահմանված գինը»,- հստակեցրեց նա։

Տուրիստական բոլոր գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ հայերը, մեծամասամբ, Ամանորը պատրաստվում են դիմավորել Եգիպտոսի եւ Դուբայի լողափերում։ «Ճիշտ է, այլ ուղղություններով էլ են հետաքրքրվում, ասենք՝ Թայլանդ, բայց ի վերջո կանգնում են այս երկուսից մեկի վրա»,- ասացին գործակալություններից մեկում։

Մեկ այլ գործակալության ներկայացուցիչ էլ որպես գերակա ուղղություններ նշելով վերոնշյալ երկուսը, սակայն, չցանկացավ խոսել իրենց գնային քաղաքականության մասին՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Կոմերցիոն գաղտնիքները կոմերցիոն գաղտնիքներ, սակայն ինչ էլ որ լինի, փաստ է, որ միտումը՝ Նոր տարին դիմավորել արտերկրում, ժամանակի հետ հայ հասարակության մեջ ավելի ու ավելի հստակ կերպով է ուրվագծվում։ Այ սա, միանշանակ, գաղտնիք չէ...