NEWS.am-ի հարցազրույցը Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի հետ:

Պրն Գրիգորյան, ստեղծվել է «Հայկական կոնյակագործների միությունը»։ Ի՞նչ նպատակներ է այն հետապնդում։

Այս կամ այն ոլորտի ներկայացուցիչների համախմբումը լայնորեն կիրառվող պրակտիկա է, որն առավել արդի է դառնում այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց որակական հատկանիշները պայմանավորված են նաեւ այն  տարածաշրջանով, որտեղ այդ ապրանքները արտադրվում են: Բոլորիս հայտնի է, որ «Հայկական կոնյակ» տերմինը ոչ միայն արտադրանքը աշխարհագրական ծագման սկզբունքով ներկայացնող սահմանում է, այլեւ մի  անվանում, որը խոսում է արտադրանքի որոշակի համային եւ որական հատկանիշների մասին: Բացի «Արարատ»-ից կամ որեւէ այլ բրենդից, որով մակնշվում է այս կամ այն հայկական կոնյակը, գոյություն ունի նաեւ ավելի լայն եւ բոլոր արտադրողների համար ընդհանուր «Հայկական կոնյակ» կատեգորիա: Այս կատեգորիայի ձեւավորմանն ու կայացմանը նպաստել են մի քանի սերունդներ եւ, բնականաբար, նման ժառանգությունը հարկավոր է առնվազն հարգել եւ պահպանել:

Ընդհանուր կատեգորիան բերում է ընդհանուր շահերի առկայության, որոնք անհրաժեշտ է պաշտպանել եւ ներկայացնել, ինչպես նաեւ՝ ընդհանուր խնդիրների, որոնք կարգավորման կարիք ունեն: Այսօր ընդհանուր շահերից է բխում «Հայկական կոնյակ» կատեգորիայի մեջ մտնող արտադրանքի որակական հատկանիշների պահպանումը: Իրականում Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է այն չափանիշները, որոնք պահպանելու դեպքում միայն ալկոհոլային խմիչքը կարող է կոչվել «Հայկական կոնյակ»: Նման չափանիշների պահպանման վերահսկողությունը այսօր իրականացվում է բացառապես պետական պատկան մարմինների կողմից, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետությունը էապես բարձրանում է, երբ արտադրողներն իրենք իրականացնում են ինքնակառավարման եւ ինքնավերահսկման որոշակի գործառույթներ` ստեղծելով համապատասխան միություններ:

Բացի այդ՝ ոլորրտի առջեւ այսօր ծառացած խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել (թե՛ տեղական, եւ թե՛ միջազգային մակարդակով), երբ բազմաթիվ առանձին արտադրողների փոխարեն հանդես գա արտադրողներին ներկայացնող մեկ ընդհանուր մարմին: Իսկ այդպիսի խնդիրները բազմաթիվ են: Սա այն սխեման է, որով գործում են բազմաթիվ այդպիսի կազմակերպություններ արտերկրում, որոնցից ամենահաջողած օրինակը Ֆրանսիայում կոնյակ արտադրողներին միավորող BNIC –ն է: Սա մի միություն է, որն ամբողջությամբ վերահսկում է կոնյակի արտադրության բոլոր փուլերը, սկսած խաղողի այգիներից մինչեւ կոնյակի արտահանում, եւ որի հետ այսօր հաշվի են նստում թե՛ պետությունները եւ թե՛ միջազգային կազմակերպությունները: Մենք անշուշտ հեռու ենք այսօր նմանօրինակ ազդեցիկ կազմակերպություն ունենալուց, սակայն «Հայկական կոնյակ արտադրողների միության» ստեղծումը առաջին քայլն է, եւ ժամանակը ցույց կտա՝ ինչքանով մեզ կհաջողվի հասնել այս նպատակին:

Միությունը հիմնադրելու մասին պայմանագիրը ստորագրել են 11 կազմակերպություններ: Միությունը փաստացի դեռ չի սկսել գործել, սակայն ուրախալի է, որ խոշոր արտադրողներից շատերը միացել են այս նախաձեռնությանը: Ոգեշնչում է նաեւ, որ այս հարցում մենք զգում ենք նաեւ պետության աջակցությունը: 

Ինչպես ե՞ն համագործակցելու միության անդամները ներքին շուկայում, եւ ինչպե՞ս՝ արտաքին շուկայում։

Կարծում եմ՝ համագործակցության ոճը լինելու է մեկը` ընդհանուր շահերի պաշտպանությունը եւ ներկայացումը: Ցանկալի է, որ «Հայկական կոնյակ արտադրողների միությունը» հանդիսանա մի հարթակ, որը կմիավորի ոլորտի ներկայացուցիչներին առկա նպատակների շուրջ եւ կբարձրացնի նաեւ փոխվստահության մակարդակը միմյանց հանդեպ: Ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին շուկաներին, ապա նրանց տարանջատումն,  իմ կարծիքով, այս պարագայում պայմանավորված է առկա հարցերի առանձնահատկություններով: Արտաքին շուկայում համատեղ ջանքեր պահանջող համագործակցության օրինակներից մեկը կարող է լինել «Հայկական կոնյակի» ծագման տեղանվան պաշտպանությունը: Այստեղ եւս արտադրողներն առաջին հերթին իրավական առումով շատ անելիքներ ունեն:

Ռուսաստանն օրենսդրորեն սահմանեց կոնյակի նվազագույն գին։ Ինչպե՞ս դա կանդրադառնա «Արարատ» կոնյակի՝ դեպի Ռուսաստան արտահանման վրա։

Այո, իսկապես, օղու նվազագույն գինը սահմանելուց հետո Ռուսաստանը նման քայլ ձեռնարկեց նաեւ կոնյակի նկատմամբ: Ինչպես հայտնի է՝ 2011 թվականի հունվարի 1-ից սահմանվելու են կոնյակի նվազագույն գներ: Ըստ համապատասխան որոշման՝ մանրածախ ցանցում 0.5 լ կոնյակը չի կարող վաճառվել 193 ռուբլուց ցածր: Այսօր Ռուսաստանում նույն տարողության «ԱՐԱՐԱՏ» 3 աստղանի կոնյակի միջին գինը կազմում է մոտ 500 ռուբլի, այնպես որ անգամ պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ նման օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնի շուկայում կառուցվածքային վերադասավորումների: Ի դեպ՝ 3 աստղանի կոնյակը Հայաստանի օրենսդրությամբ վաճառքի թույլատրվող ամենաերիտասարդ հայկական կոնյակն է:  Միգուցե նման քայլերը թույլ կտան ռուսական շուկան ձերբազատել խիստ կասկածելի ծագում ունեցող ալկոհոլային խմիչքներից, որոնց գնային քաղաքականությունը հեռու է  ողջամտության սահմաններից, սակայն վստահ եմ, որ այն չի անդրադառնա իրական հայկական կոնյակների վաճառքների վրա:

Ամանորի նախօրեին եւ տոների ընթացքում ինչքա՞ն է աճում վաճառվող կոնյակի ծավալը։

Կարծում եմ՝ դեկտեմբերին եւ հատկապես՝ Ամանորյա տոների ընթացքում, իսկապես վաճառքի ծավալների առումով գրանցվում են շրջադարձային արդյունքներ՝ համեմատած այլ ամիսների հետ: Այս միտումը առավել ընդգծված բնույթ է կրում ալկոհոլային խմիչքների ոլորտում: Եթե դիտարկենք այս հարցը մեր տարեկան վաճառքի կտրվածքով, ապա կարելի է նկատել, որ տարեվերջյան ամիսներին մենք սովորաբար արձանագրում ենք ընդհանուր տարեկան վաճառքի մոտ 30 տոկոսը: Եթե համեմատենք 2010 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների վաճառքի տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կնկատենք որոշակի դրական միտում: Սա իհարկե պայամավորված է հետճգնաժամային շրջանով, այսինքն՝ նախորդ տարիների ֆինանսատնտեսական դժվարությունները նահանջում են: Այստեղ ես կնշեի եւս մի գործոն. ինչպես գիտեք, մենք 2010 թվականին փոխեցինք «ԱՐԱՐԱՏ» կոնյակների փաթեթավորումը, որի պաշտոնական շնորհանդեսը Երեւանում կայացավ հոկտեմբերին: Կարծում եմ, շուկայավարական այս քայլը եւս իր դրական ազդեցությունն է թողնում վերջին ամիսներին գրանցած վաճառքի աճի վրա: 

Օգտվելով տոնական այս առիթից թույլ տվեք Երեւանի կոնյակի գործարանի անունից շնորհավորել ընթերցողների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, եւ մաղթել ամենալավն ու բարին:

 

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը